Մատենադարան

 

 

Հիմնադրամի ջանքերով Մատենադարանին նվիրաբերվեց 10 ձեռագիր, այդ թվում՝ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկի մի օրինակ, ընդօրինակված 1331-ին, հայ գրչության խոշոր կենտրոններից մեկում` Կիլիկիայի Ակներ վանքում: Մեծարժեք հիշատակարաններով հարուստ այս ձեռագիրը Մատենադարանի վերջին շրջանի լավագույն ձեռքբերումն է` շնորհիվ հիմնադրամի բարեկամ Տիգրան Ջիերջյանի հատկացումների:

Նվիրաբերած ձեռագրերի ցանկում են նաև 17-րդ դարի ծիսական ժողովածու` «Մաշտոց»-ը, 18-րդ դարի հայերեն հմայիլ, 17-18-րդ դարերի արաբերեն-օսմաներեն կրոնական բովանդակությամբ 5 ձեռագիր եւ 17-րդ դարի 2 պարսկերեն մանրանկար:

Ձեռագրեր նվիրաբերելուն զուգահեռ հիմնադրամը Մատենադարանի համար վերջերս ձեռք է բերել ձեռագրերի վերականգնման համար անհրաժեշտ նյութեր, տպագրական և տեսագրման սարքավորումներ, իրականացրել հրատարակչական ծրագրեր: Հիմնադրամի հատկացումներով հրատարակվել է Մատենադարանի երջանկահիշատակ գիտաշխատող Սուսաննա Հովհաննիսյանի «Կիլիկյան ձեռագրերի լուսանցապատկերները» (XIII-XIV դդ.) ալբոմը և «Մեծի Տանն Կիլիկիո Հայոց կաթողիկոսության» եւ Մատենադարանի համատեղ ծրագրով լույս տեսած շքեղազարդ հնագույն «Նարեկի» նմանահանությունը:

Նվիրատվության առիթով մատենադարանի տնօրինությունը հյուրընկալեց «Փյունիկ» հիմնադրամի պատվոնախագահ Գաբրիել Ջամբարջիին, հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին, ինչպես նաև հայագետ, ձեռագրերի ու վավերագրերի եզակի հավաքածու ձեռք բերած Միհրան Մինասյանին: Անձիք` նվիրյալ Մատենադարանին, ինչի համար էլ արժանացան Մաշտոցյան Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալին:

Խոսելով Մատենադարանի հետ իրականացվելիք նոր ծրագրերի մասին` Գաբրիել Ջամբարջին նշեց. «Նախատեսել ենք Արցախում բացել Մատենադարանի մասնաճյուղ և այնտեղ ցուցադրել Արցախում գրված բոլոր ձեռագրերի ընդօրինակումները, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան տեսնելու, թե ինչպիսի արժեքներ են ստեղծվել Արցախում: Այս ծրագիրը հավանության արժանացավ երկրի նախագահի կողմից, և շատ շուտով գործի կանցնենք»:

Comments are closed.